Search
Close this search box.

Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Տները գերազանցապես մեկ, որոշները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն Շուշիի պատմական տներին: Տների զգալի մասը կառուցվել է հայ բնակիչների կողմից։

Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը՝ ադրբեջանական կողմը ջնջում է քաղաքի հայկական անցյալը: Նշենք, որ դեռևս 2023 թվականի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում հատուկ անդրադարձ էր կատարել Ստեփանակերտի անցյալին, բնականաբա, խեղաթյուրելով այն:

Մեր արձագանքը

Սովորութային օրենքները Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում՝ միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով ։ Ստեփանակերտի պատմական տների կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Քաղաքին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Պատմական թաղամասի ոչնչացումը կարելի է որակել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։

Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով»: Բացի դա, մշակութային ժառանգության դեմ կատարվող հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ ուղղված այլ ֆիզիկական կամ կենսաբանական գործողությունների հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրության ապացույց լինել»։