6 օր առաջ Հրազդան գետն ընկած 13-ամյա աղջկան դեռ չեն գտել. Փրկարարները որոնում են նաեւ Երեւանյան լճում

Մանկական երկաթուղու տարածքում 6 օր առաջ՝ ապրիլի 27-ին, Հրազդան գետն ընկած 13-ամյա աղջկան դեռ չեն գտել: Նա Ուկրաինայի քաղաքացի է:

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարար ծառայության գնդապետ Ահարոն Գևորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ապրիլի 27-ից որոնողական աշխատանքները շարունակվում են փրկարար ծառայության կողմից՝ ներգրավելով մեծաթիվ փրկարար ծառայողներ տարբեր տեղամասերում:

Գետի երկու ափերով, յուրաքանչյուր մետրի վրա որոնողական աշխատանքներ են կատարվում սկսած մանկական երկաթուղուց մինչեւ Երևանյան լիճ և Երևանյան լիճում:

Մասնավորապես, Երեւանյան լճում որոնողական աշխատանքներ ենք իրականացնում նավակների միջոցով, հատուկ ջրային հետախուզական սարքերի միջոցով, բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները ներգրավված են որոնողական աշխատանքներում, որպեսզի գտնենք հնարավորինս շուտ անհայտ կորած աղջկան»:

Նա հավելեց, որ եղել են օրեր, որ որոնողական աշխատանքները սկսվել են առավոտյան ժամը 5-ին, իսկ մյուս օրերին՝ առավոտյան ժամը 7-ին եւ տեւում են մինչեւ ուշ երեկո: Անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել, գետի հունը իջեցվել է, որ որոնումներն ավելի արդյունավետ լինեն:

«Այսօր արդեն 6-րդ օրն է, ցավոք, դեռ չենք գտել աղջկան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Երեխան, որ ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։

Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։