Search
Close this search box.

300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ չկա խաղաղության պայմանագրում. ԱԳ փոխնախարար

Ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ «Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե՛ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի և թե՛ գործընթացում ներգրավված այլ պաշտոնյաների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնվում ստորագրել պայմանագիրը, պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է՝ ԱԳ փոխնախարարն ասաց․ «Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։

Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց Կոստանյանը։
Նա նաև նշեց, որ Էսկալացիաների վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։

Հարցին՝ պայմանագիրը երաշխիք տալո՞ւ է, որ պատերազմ չի լինի՝ նա ասաց․ «Դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունը Հարավային Կովկասում»։