«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նելլի Դավթյանը հեղափոխությունից հետո «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողից սահուն քայլերով (օրերս) դարձավ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ։
Մինչ Միգրացիոն ծառայության պետ դառնալը Դավթյանը եղել է Ծառայության պետի օգնական, հանրային կապերի պատասխանատու, ապա Ծառայության պետի տեղակալ։
Ներկայացնելով 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր՝ Նելլի Դավթյանը չի հայտարարագրել սեփական անշարժ գույք, սակայն հայտարարագրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։
Հաշվետու տարվա ընթացքում Դավթյանը ձեռք է բերել մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ALFA ROMEO մակնիշի, որն արժեցել է 1 մլն 925 հազար դրամ։ Դավթյանը նաև շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող KIA մակնիշի մեքենա։
Միգրացիոն ծառայության նոր պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 365 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 130 հազար դրամով։
Կանխիկ դրամական միջոցները ևս ավելացել են՝ 200 հազար դրամից դառնալով 350 հազար դրամ։
Դավթյանի տարեկան միակ եկամուտը եղել է աշխատանքի վարձատրություն ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից՝ 4 մլն 645 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 44 մլն 384 հազար դրամ, որից 42 մլն 891 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Որպես Միգրացիոն ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա ամուսինը՝ Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում