«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Գյումրիում թեեւ դեռ ընտրությունների օր անգամ նշանակված չէ, բայց քաղաքապետի թեկնածուների պակաս չկա:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ընտրություններին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ընկերը՝ Գյումրու Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դարձած Կարեն Պետրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Պետրոսյանը հաստատեց՝ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել գալիք ընտրություններում. «Ընտրությունների հարցում, կարծես, հստակություն չկա, օր նշանակված չէ, բայց ես բազմիցս ասել եմ, որ եթե հանրային պահանջ լինի, մենք դիտարկում ենք ընտրություններին մասնակցելու հնարավորությունը»:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հետ մտերմությանը՝ Կարեն Պետրոսյանն ասաց. «Ես պարոն Հարությունյանին ճանաչել եմ մինչեւ հեղափոխությունը, իր հանդեպ ունեցել եմ եւ ունեմ հարգանք:
Ես բոլոր կուսակցություններում ունեմ ընկերներ, ինձ համար քաղաքական հայացքները չեն կարող խոչընդոտ լինել՝ մարդու հետ ընկերություն անելու:
Արայիկ Հարությունյանի հետ ունենք կառուցողական հարաբերություններ, ինչը չի փոխվել. հաճախակի շփում չունեմ նրա հետ, բայց այն հարաբերությունները, որոնք ունեցել ենք, չեն փոխվել»:
Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին, արդյոք դաշինքի տարբերակը քննարկո՞ւմ են:
«Մենք դիտարկում ենք նաեւ դաշինքի տարբերակը, քննարկումներ կան, երբ արդեն մասնակցության հարցը որոշվի, մյուս հարցերն էլ, ըստ այդմ, կհստակեցվեն, դեռ այդ մասին չեմ կարող խոսել, բայց մասնակցելու դեպքում՝ խրախուսում ենք դաշինքի տարբերակը, քանի որ Գյումրիում մեր արժեքային տիրույթում շատ գործընկերներ ունենք»:
Արայիկ Հարությունյանի ընկերը, սակայն, ՔՊ-ի հետ դաշինքի տարբերակը չի դիտարկում. «Մեր օրակարգում դա չկա, ՔՊ-ի հետ դաշինքի հնարավորություն չի քննարկվում»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու ընտրություններին մտադիր է թեկնածու առաջադրել նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը:
Մեզ հետ զրույցում կուսակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ երբ ընտրության օրը հստակեցվի, այդ ժամանակ էլ կհայտնեն իրենց որոշման մասին»:
Ինչպես գիտենք, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նույնպես մտադիր է մասնակցել ընտրություններին: Ընդդիմադիր ուժերը դեռ չեն կողմնորոշվել՝ կունենա՞ն թեկնածու, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում