ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծել» Իրանը, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագրեր չկնքեն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների անցկացումը՝ նշելով, որ բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
«Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծություններ կլինեն՝ այնպիսի, որոնց նմանը նախկինում երբեք չեն տեսել», – ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս «խոսում են» իրար հետ:
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել էր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու իր նախընտրությունը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին: