«Թրամփի ուղի» նախագծի հեռանկարները միանշանակ չեն, իսկ Ռուսաստանի մասնակցությունը կօգներ դրան․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը նախատեսող, այսպես կոչված, «Թրամփի ուղու» իրագործումը բախվում է մի շարք քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոնների, իսկ Ռուսաստանի մասնակցությունը, նրա կարծիքով, նախագիծն ավելի կենսունակ կդարձներ։

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման հարցերը դեռևս 2022–2023 թվականներին քննարկվել են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան փոխվարչապետների մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվել էին երկու երկրների երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկաթգծերի միացման պայմանները։

«Մեր մեղքով չէ, որ այս քննարկումներն ու երկխոսությունը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհատվեցին»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, որ նախկին ձևաչափով աշխատանքների շարունակումն այժմ բարդացել է, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը «ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49%-ը խոստացել է ամերիկյան կողմին»։

Միևնույն ժամանակ, Գալուզինը կասկած է հայտնել նախագծի հեռանկարների վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանը հազիվ թե դրական ընդունի ԱՄՆ հնարավոր ներկայությունը իր հյուսիսային սահմաններին։ Բացի այդ, դիվանագետը վկայակոչել է փորձագետների կարծիքը, համաձայն որի՝ Չինաստանը նույնպես կարող է շահագրգռված չլինել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային միջանցքի մի հատվածի նկատմամբ ամերիկյան վերահսկողությամբ։

ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ռուսական կողմի մասնակցությունը, ընդհակառակը, կարող էր նպաստել նախագծի իրագործմանը։ Մասնավորապես, նա նշել է, որ երկաթուղին, ամենայն հավանականությամբ, պետք է կառուցվի ռուսական լայնության ռելսագծով՝ Ադրբեջանի հետ անխափան հաղորդակցություն ապահովելու համար։ Բացի այդ, հայկական երկաթուղիները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման ներքո, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ Հայաստանի տարածքով տարանցումը, նրա ձևակերպմամբ, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին համապատասխան ձևով։

Գալուզինը նաև հիշեցրել է, որ նախատեսվող երթուղին անցնում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի այն հատվածով, որը հայ գործընկերների հետ համատեղ հսկում են ռուս սահմանապահները։

«Այսպես թե այնպես, Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, Եվրասիական տնտեսական միության կարծիքը պետք է հաշվի առնվի։ Մենք կարծում ենք, որ ռուսական կողմի մասնակցությունից նախագիծը միայն կշահեր»,- ընդգծել է նա։

Խոսելով Հայաստանում ռուս սահմանապահների ներկայության մասին՝ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան հիմնվում է 1992 թվականի համաձայնագրի կատարման վրա, որը կարգավորում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին նրանց գործունեությունը, և որևէ ազդակ չի ստացել այդ պայմանավորվածությունների հնարավոր վերանայման վերաբերյալ։

Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմը Երևանից որևէ ազդակ չի ստացել Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր վերանայման մասին, որի գործողության ժամկետը նախատեսված է մինչև 2044 թվականը։

«Հայկական կողմը պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ Երևանը չի դիտարկում Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը»,- նշել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ռազմաբազան դիտարկում է որպես ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման առանցքային տարրերից մեկը։ Նա նաև հայտարարել է, որ առանձին քաղաքական ուժերի և արևմտամետ ՀԿ-ների կողմից ռուսական ռազմական ներկայությունը որպես «օկուպացիայի գործիք» ներկայացնելու փորձերը որևէ աջակցություն չեն գտնում տեղի բնակչության շրջանում։

Մեկնաբանելով ռուսական ռազմաբազայի պահպանման պայմաններում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հիպոթետիկ հնարավորությունը՝ Գալուզինը նշել է, որ այդ հարցը պետք է որոշի հենց հայկական կողմը։ Նրա ձևակերպմամբ՝ Ռուսաստանը հիմնվում է գործող համաձայնագրի վրա, մտադիր է կատարել իր պարտավորությունները և նույնպիսի մոտեցում է ակնկալում Երևանից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։