ԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանին հնարավոր մասշտաբային հարվածների վերսկսմանը՝ չնայած Դոնալդ Թրամփի հայտարարություններին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ դադար վերցնելու մասին. հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին:
Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ «քննարկել են ԱՄՆ-ում և Իսրայելում ընտրություններից առաջ Իրանի դեմ նոր մասշտաբային գործողություն սկսելու հնարավորությունը»: Խոսքը վերաբերում էր հոկտեմբերի 27-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունների և նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածին:
Ինչպես նշում է պարբերականը, զրույցը տեղի է ունեցել նախքան հոկտեմբերի 8-ին Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն հարվածներ չի հասցնի Իրանին մինչև Կոնգրեսի ընտրությունները: Ընդ որում, ամերիկյան և իսրայելական զինվորականները պահպանում են մարտական պատրաստվածությունը և ավարտին են հասցնում գործողության նախապատրաստումը՝ այն դեպքի համար, եթե նախագահը փոխի որոշումը:
Axios-ի տեղեկություններով՝ Թրամփն ու Նեթանյահուն դիտարկել են համատեղ գործողության տարբերակը՝ Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելով:
«Նախագահն ասաց․ «Դե՛, Բիբի՛ (Բենիամին – խմբ․), պատրաստվի՛ր»։ Բայց ոչ մի պարտավորվածություն չկա։ «Պատրաստվի՛ր» կարող է նշանակել ցանկացած բան՝ հիմա, ավելի ուշ կամ երբեք», — պատմել է պաշտոնյան:
Ամերիկյան վարչակազմում մասշտաբային ռազմական արշավի վերսկսման օգտին են հանդես գալիս Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավարությունը: Թրամփի մյուս խորհրդականների մեծ մասը, ընդհակառակը, կարծում է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի Թեհրանի վրա տնտեսական և այլ ճնշում գործադրել:





