Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն մեր կուրսի հետ, ես կոչ եմ անում ձեզ՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք երկրում և փոխեք կառավարությունը, որովհետև այլապես այս գործընթացը կանգնեցնելն անհնար է։ Հունիսի 17-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը խորին շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ իրավիճակը հստակեցնելու հարցում աջակցելու համար, և կոշտ քննադատության ենթարկել ընդդիմախոսների քարոզչությունը։ Փաշինյանն ընդգծել է, որ 300 հազար ադրբեջանցիների բռնի վերադարձի մասին թեզերը բացարձակապես կեղծ, հորինված ու արհեստածին թեմաներ են, որոնք երբեք չեն համապատասխանել իրականությանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվական դաշտում նման կործանարար թեզեր պահպանելու փորձեր է անում բացառապես «պատերազմի եռագլուխ կուսակցությունը», որը ձգտում է երկիրը վերադարձնել անվերջանալի հակամարտության տրամաբանությանը, մինչդեռ իշխանությունների առաջ մղած խաղաղության օրակարգը վերջնականապես փակում է այդ շահարկումները։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ անցած ընտրությունների ընթացքում ընդդիմադիր ուժերի կողմից ահռելի չափերի ընտրակաշառք է բաժանվել, սակայն պետական կառույցներն առաջին անգամ կարողացել են նման հզոր ինստիտուցիոնալ հակազդեցություն ցույց տալ։ Վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդը փաստացի հաղթել է ֆինանսական ճնշմանը՝ ի ցույց դնելով հասարակության հասունությունը, բայց հավելել է, որ սկսած ճանապարհը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։ «Ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը դառնում է մեր օրակարգի առաջնահերթությունը, և մենք բոլոր հնարավոր միջոցներով հերթով, հատ-հատ արմատից կտրելու ենք նրանց», — հայտարարել է Փաշինյանը՝ իր վրդովմունքն արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ 2021 թվականից ի վեր ընտրակաշառքի գործերով անցնող և ոչ մի հանցագործ մինչ օրս բանտում պատիժ չի կրում։
Մեկնաբանելով պատգամավորի այն դիտարկումը, թե հասարակական տրամադրությունները փոխվել են, իսկ անվտանգային տարածաշրջանային սպառնալիքները մղվել են երկրորդ պլան՝ վարչապետը պաշտոնապես հավաստիացրել է, որ Հայաստանը լիովին վերահսկում և չեզոքացնում է բոլոր արտաքին ռիսկերը։ Նրա համոզմամբ՝ այսօր պետության համար վտանգի միակ աղբյուրը մնում են երկրի ներսում ռևանշիստական ուժերի և նրանց արբանյակների գործողությունները։ Փաշինյանը պարզաբանել է, որ խաղաղությունը կառուցված է Ալմա-Աթայի հռչակագրի ամուր հիմքի վրա, որի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն իրենց կարգախոսներով, խորհրդանիշներով և 29743 քառակուսի կիլոմետր տարածքով չսահմանափակվելու մոտեցմամբ, ըստ էության, պատերազմ են հայտարարում հարևաններին: Դրանով նրանք անվտանգային ուղղակի սպառնալիքներ են ստեղծում՝ դրդելով բոլոր հարևաններին համախմբվել Հայաստանի դեմ։
Կառավարության ղեկավարն ընդդիմադիր ցանցն ուղղակիորեն անվանել է փաստացի և իրավական լրտեսական ցանց, որն աշխատում է արտասահմանյան կենտրոնների համար, և բացառել է պետության կողմից որևէ զիջման մասին լուրերը։ «Այս սպառնալիքներն ունեն կոնկրետ անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուասամետ օլիգարխ։ Նրանք պետք է ջախջախվեն հենց իրենց բնում», — ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը հավաստիացրել է, որ քանի դեռ ինքը զբաղեցնում է կառավարության ղեկավարի պաշտոնը, շարունակելու է կետային հարվածներով ոչնչացնել այդ ուժերը, ինչպես նաև դրանց բոլոր մետաստազներն ու շոշափուկները։ Ամփոփելով իր ելույթը՝ Փաշինյանը կրկին շեշտել է, որ եթե հասարակությունը համաձայն չէ ռևանշիստների լիակատար ջախջախման հետ, ապա լիարժեքորեն կարող է օգտվել փողոցի գործիքի միջոցով գործադիր իշխանությունը փոխելու իրավունքից, քանի որ հայ երեխաների ապագայի պաշտպանության հարցում կառավարությունը որևէ զիջում թույլ չի տալու։





