ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստից հետո զրուցել են, սակայն քաշքշուկ չի եղել։ Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է` հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Ես անձամբ քաշքշուկի ականատես չեմ եղել Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Գուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով` անտառային թեմանով քննարկումներ եղել են ոչ միայն երեկ, այլ նաև դեկտեմբերի նիստին, երեկվա քննարկումը դրա շարունակությունն էր։
Հիշեցնենք` այսօր ArmLur.am–ը գրել էր, որ Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Լրատվամիջոցը նշել էր, որ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը: