Իսկապես, ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում: Առաջին օրից չեմ հասկացել, որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազներն են տվել: Այս մասին դատարանի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ին առնչվող գործի շրջանակում:
«Կոնցեպտը հետևյալն է. առաջինը՝ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրություններն ավարտվել են, որոշումը կայացվել է և երկրորդ տեղը զբաղեցրած, 21,5% հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը հաղթել է ընտրություններում, պետք է գնա նախագահական պաշտոնի։ Սա ուղղակի հայտարարություն է, որը ձայնագրված է, որը կա, նաև ցանցերում կա այսօր։
2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ մենք հավաքել ենք 25%, հիմա պատկերացնում եմ՝ եթե հայտարարեինք, որ մենք հաղթել ենք այդ ընտրությունները և պետք է գնանք Կառավարության շենք, ի՞նչ կլիներ»,-նշել է նա:
Նա հավելել է, որ այդ ժամանակ, Երկրապահ կամավորական ընկերության շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են եղել՝ միանալ, թե չմիանալ ցուցարարներին թեմայով։
«Վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին և այդ զինվորականներն ամբողջ օրը գտնվում էին երկրապահում, մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք։ Բանակի ղեկավար մարմնի մի մասն այնտեղ քննարկում էր միանան, թե՞ չմիանան։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, ինձ կարո՞ղ է մեկը բացատրել»,-ասել է նա:
Ռոբեր Քոչարյանը մանրամասնել է՝ դա տևել է 2-3 օր, երբ ինքն այցով Մոսկվայում է գտնվել, որից հետո եկել է, հանդիպել զինվորականների հետ:
«Զինվորականների հետ հանդիպում պե՞տք է ունենայի, թե՞ ոչ: Եթե չունենայի, ինձ արդյոք պե՞տք է այսօր դատեին անգործության համար։ Հավաքման մասին այն, ինչ գրված է այստեղ, սուտ է: Հավաքման նպատակը հետևյալն էր. մեկ խնդիր կար՝ զինվորականնե՛ր, ով Երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում է, կողմնորոշվեք՝ եթե այդտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից։ Կա՛մ այստեղից եք դուրս գալիս, կա՛մ բանակում եք և չեք զբաղվում քաղաքականությամբ: 25-30 հոգի մարդ է եղել, բոլորի ցուցմունքը դա է, ուրիշ հարց չի քննարկվել:
Շատ կոշտ խոսեցի Գլխավոր շտաբի պետի հետ, ասացի՝ ո՞նց ես թույլ տալիս, ի՞նչ է կատարվում։ Ես պարտավո՞ր էի դա անել, թե՞ պարտավոր չէի։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Լավ, ցինիզմն ինչ-որ չափ պետք է ունենա, թե ոչ»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:





