Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ, այդպես միջազգային հարաբերություններ չեն լինում, բայց մի բան շեշտակի փոխվում է. վերջին տարիների ընթացքում կոմպլեմենտարության կորիդորը շատ նեղացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմա այդ կոմպլեմենտարության կորիդորը մի քիչ ընդլայնվելու է. իմ տպավորությամբ, մենք չպետք է սեւ ու սպիտակով նայենք այս պրոցեսին: Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր Ռուսաստանի G8-ից հեռացնելը, ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաեւ Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար: Պարտադիր չէ թռնես Արեւմուտքի կամ որեւէ մեկի գրպանը, դու կարող ես որպես պորտնյոր ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ չթշնամանալ Արեւմուտքի հետ: Այդ պատուհանը բացվում է: Բայց ՀՀ այս վարչակազմը արդեն այդ մակարդակով ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, եւ ամեն ինչ արել է, որ այդ վերաբերմունքը տարածվի նաեւ ՌԴ-ի վրա որպես երկիր:
Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չի, որովհետեւ մենք գործում էինք սխալներ եւ փորձում էինք դա գցել Ռուսաստանի վրա: Սա անհետք չի անցնելու»,- հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով, ամենալավ տարբերակն այն է, որ հետագա տարբեր ֆորմատների մեջ Հայաստանը ներկայացված չլինի այս մարդկանցով, որոնք «փչացրել են ամեն ինչ»:
«Եթե այդպես լինի, նոր աշխարհակարգում Հայաստանը հնարավորություն չունենա ճիշտ դրսեւորել ինքն իրեն»,-ասաց Քոչարյանը: