Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են

Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից իր ակտիվների սառեցմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Բրյուսելն այս տարվա հուլիսի վերջին ուկրաինական կողմին է ուղարկել ռազմական օգնության առաջին տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով, սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից:

«Այն, ինչ հաստատ կկորչի ընդմիշտ, հեղինակությունն է ԵՄ ֆինանսական ինստիտուտների, որոնք տասնամյակներ շարունակ արժեթղթերի շուկայում հուսալի օպերատորների իմիջ են ստեղծել», — նշել են ԱԳՆ-ում:

Ռուսական գերատեսչությունում հավելել են նաև, որ որքան ԵՄ-ն առաջ գնա ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների ավելացման ճանապարհով, այնքան դա ավելի ցավալի հետևանքներ կունենա նրա ֆինանսատնտեսական համակարգի համար:

«Պատասխան միջոցներ կհետևեն իհարկե։ Դրանք կլինեն կշռադատված, ճշտված և վնաս չեն հասցնի ռուսական տնտեսական օպերատորներին», — հայտարարել են ԱԳՆ-ում։
Նշվում է, որ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական քայլերի բավարար զինանոց ունի նրանց համար, ովքեր փորձում են «թաթը դնել» իր ոսկեարժութային պահուստների վրա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները, գողանալով ռուսական ակտիվները, ևս մեկ քայլ կանեն այն համակարգը քանդելու ուղղությամբ, որն իրենք են ստեղծել, և որը երկար տասնամյակներ ապահովել է նրանց բարգավաճումը՝ թույլ տալով սպառել ավելին, քան վաստակում են:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ դոլարի ակտիվները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո: Դրանցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ — ում, իսկ մեծ մասը ՝ Եվրոպայում, այդ թվում ՝ Բելգիայում Euroclear միջազգային հարթակում, որտեղ պահվում է 210 մլրդ դոլար։