«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, վերջերս հայտարարվեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ու «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի կողմից «Համահայկական միասնության խորհուրդ» ստեղծելու մասին: Եվ ահա, կիրակի օրը՝ մարտի 2-ին, կայանալու է «Համահայկական միասնության խորհուրդ» միավորման հիմնադիր համաժողովը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնողները նախատեսում են բավական ներկայացուցչական համաժողով: Համաժողովի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ նշյալ ուժերը ոտքի են հանելու ժողովրդին և ամբողջ Հայաստանով մեկ կազմակերպելու են անհնազանդություն՝ «գործող ապազգային, թրքահաճո իշխանությանը», ինչպես նաև պարտադրելու են այս կառավարության հեռացումը ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լուծարումը. «Կարճ ժամկետի համար ձևավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի ՀՀ ԱԺ նոր, արտահերթ և օրինական ընտրություններ»: «Համահայկական ճակատ» կուսակցության և «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «խստորեն դատապարտում են ներկայիս թրքահաճո իշխանության գործունեությունը և վերջինիս կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականությունը»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, նշյալ ուժերը փետրվարի 23-ին կազմակերպել են հանդիպում գյումրեցիների հետ՝ «նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան»: Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր Արշակ Կարապետյանն անդրադառնալով գործող կառավարությանը, ասել է, որ այն «վարում է անգրագետ և երկրի համար կործանարար քաղաքականություն», որ այս կառավարությունը «չգիտի, թե ինչ է ազգը, ժողովուրդը, պետությունը»: «Հայաստանում օր առաջ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և Երևանում իշխանության պետք է գան հայկական ազգային և պետական շահերով մոտիվացված պրոֆեսիոնալներ։ Ներկայիս կառավարության և նրա թիմի հեռացումը հայոց պետականության փրկության միակ ճանապարհն է», – նշել է նա։
Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանն էլ ասել է, որ «ՀՀ վարչապետի քաղաքական թիմի իշխանության գալու սկիզբը դրվել է Գյումրիում, և նրանց իշխանությունից հեռացնելու մեկնարկը նույնպես այսօր տրվում է Գյումրիից»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում