Search
Close this search box.

Նոր եկեղեցի է հայտնաբերվել Սպիտակ վանքում

Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում իրականացվող ինտենսիվ հնագիտական աշխատանքները տվել են բացառիկ արդյունք․ բացվել են նախկինում անհայտ եկեղեցու հիմքեր՝ շատ լավ պահպանված խորանով և մկրտության ավազանով։ Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ներկայացրեց պեղող հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Դիանա Միրիջանյանը՝ եկեղեցին կից է գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից։ Նորահայտ եկեղեցին ունի փոքր չափեր։ Շատ լավ պահպանվել է խորանը, դեպի խորան բարձրացող 2-3 շարք քարե աստիճանները և սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատի տակ՝ մկրտության ավազանը։ Եկեղեցու պատերը կառուցվել են ճեղքված քարերով՝ ամրացված հողի և կավի շաղախով։