«Հետք»-ը գրում է. ««Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը թռչնամիս է ներմուծել Հայաստան, որը, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եզրակացության, եղել է օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա։
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների (ՊԵԿ) մասնակցությամբ օրերս թռչնամսի այդ խմբաքանակը՝ 13 հազար 500 կգ, ոչնչացվել է՝ թաղել են Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում։
Նույն օրը ՊԵԿ-ը պարզել է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողի տակից հանել են թաղված թռչնամիսն ու տեղափոխել իրենց ընկերության տարածք։
«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։
Այս տեղեկությունները օգոստոսի 9-ին հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։ Հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ՝ արդյոք այդ թռչնամսից որևէ խմբաքանակ հասե՞լ է խանութներ, ի՞նչ նպատակով են «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի աշխատակիցները հողի տակից հանել թաղված թռչնամիսը, որտեղի՞ց է այն ներկրվել և այլն։
ՍԱՏՄ. «Նշված ապրանքախմբից խանութներ չի հասել»
Թռչնամսի նշված խմբաքանակի ծագման երկիրը Բրազիլիան է։ Այն ներկրվել է նախ Վրաստան, ապա՝ Հայաստան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
ՊԵԿ-ի տարածած տեսանյութում երևում է թռչնամսի փաթեթավորումը։
Այն «Seara» ֆիրմայի է, որը բրազիլական է։
Սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ նշված խմբաքանակը ենթակա չէ օգտագործման, պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ հետ ուղարկվի։
«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը որոշել է ոչնչացնել։ Տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։
ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ նշված ապրանքախմբից խանութներ չեն հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։
Քանի որ արդեն իրավական գործընթաց է սկսվել, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնվում։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ ՊԵԿ-ի հաղորդագրությունում բացակայում է տեղեկությունը, թե երբ են հողի տակից հանված ապրանքները հայտնաբերվել արդեն պահեստներում։
«Պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե որքա՞ն ապրանք է հայտնաբերվել պահեստում, և արդյո՞ք առկա է խմբաքանակ, որը շուկայահանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Պիպոյանը։
Ըստ նրա՝ պարզաբանման կարիք ունեն նաև այն հարցերը, թե ի՞նչ ընթացակարգով է ոչնչացվել ապրանքն, ու ոչնչացման ի՞նչ եղանակ է սահմանվել և ինչու՞։
Ըստ ընկերությունների պետական ռեգիստրի՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն գրանցվել է 1995 թվականին։ Սկզբում կոչվել է «Աստղիկ-95», 2000 թվականից՝ անվանափոխվել։ Գրանցված է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում։
Հարկային մարմնում այն գրանցված է որպես մասնագիտացված խանութներում թռչնամսի և թռչնամսի մթերքի մանրածախ առևտուր անող ընկերություն։
Իրականում զբաղվում է ոչ միայն թռչնամսի ներմուծմամբ և առևտրով, այլև՝ ձեթի, ձավարեղենի, խտացրած կաթի, մսի, շոկոլադի, խաղալիքների, հիգիենիկ տակդիրների ներմուծմամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում