Հայ և թուրք գործարար շրջանակները հանդիպել են Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, հայտնում է PolitiKars կայքը։
Հանդիպումը կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։
«Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Նա հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորման»,–գրում է կայքը։
Թուրք և հայ գործարարները նաև փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող հարցերի շուրջ։





