Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսում նոյեմբերին Սուրենյանը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է․ Նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

«Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր»,-Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հաղորդագրությունը եղանակային կանխատեսումների վերաբերյալ․ «2024թ․ նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:

Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5°C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9°C, Իջևան` 7.1°C), Արարատյան դաշտում (Երևան 6.5°C, Արմավիր 5.6°C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30°C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8°C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27°C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17°C, Մեղրիում` -7°C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17°C:

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում հասել է -6…-12°C:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին»: