Հայաստան է այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը․ ինչպես որ հայ-ադրբեջանական բոլոր բանակցություն-պայմանավորվածություններն են եղել հանրությունից թաքուն, ուղղակի վերջին պահին իմացել ենք ինչ են հանձնում, ինչ են նվիրում, որտեղ են մեզ դավաճանում, այնպես էլ այս այցը գաղտնի էր պահվում, մինչև որ լրատվամիջոցները հրապարակեցին Զվարթնոց օդանավակայանում կանգնած ինքնաթիռ, վրան գրված՝ Ադրբեջան։ Հետո ստիպված հաստատեցին, որ եկել է, այն էլ՝ պատվիրակությամբ։ Բայց գաղտնի են պահում օրակարգը․ ինչո՞ւ է եկել, սահմանազատման անվան տակ նոր տարածքների խոստում ստանալո՞ւ, եկել է ընտրություններում Նիկոլին աջակցելու գործողություննե՞րը քննարկելու, խոստանա Նիկոլի ընտրվելու դեպքում ադրբեջանական միլիարդավոր մանաթների ներդրումնե՞ր․ ասում են՝ գործարարների էլ է բերել։ Միգուցե եկել է քննարկելու 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու հրեշավոր ծրագի՞րը։ Ասում են՝ Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։ Գուցե հետը բերել է ադրբեջանցիների նմուշնե՞ր՝ այնտեղ բնակեցնելու։ Քանի որ այս գործընթացն ի սկզբանե եղել է ժողովրդի թիկունքում՝ 2018-ից ի վեր, հավատում ենք ամեն ինչի։ Մարդկանց մեջ կա արդեն տագնապ, մարդկանց մեջ կա խորը անվստահություն այս ռեժիմի նկատմամբ, դրա համար ամեն ինչ սպասում են Նիկոլի իշխանությունից։
Գիտե՞ք, 2018թ․ ընթացքում՝ հեղափոխություն կոչվածից մինչ տարեվերջ, մենք՝ ընդդիմադիր լրատվամիջոցներս, ունեինք խնդիր․ դժվարությամբ էինք հայթայթում կարծիքներ՝ հարցում անելիս, որոնք սուր կքննադատեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Բայց՝ միայն այդ թվականին։ Մենք գիտեինք ովքեր են դրանք, ինչ գլխավոր նպատակով են եկել իշխանության, ինչ են երկիրը դարձնելու, Արցախի հետ ինչ են անելու․ ահազանգում էինք․ բայց կարող է Երևանում մի քանի ժամ հարցում անեինք՝ մեկ փոքր ռեպորտաժի համար հազիվ հավաքելով կարծիքներ։ Հիմա այդ մարդը այնպիսի վրկանշային ցնցում է ապրել, որ հարցումը կարող է տևել 10 րոպե։ Եթե մարդիկ չեն վախենում խոսել, ուրեմն քննադատում են անխնա։ Հիմա էլ հենց հօգուտ Նիկոլի հարցում անելն է դարձել սարսափելի բան։ Եթե նախապես իրենց պատգամավորների հորքուր-մորքուրներին, վարորդներին, գրասենյակների աշխատողներին որպես պատահական անցորդ չբերեն-ներկայացնեն, հավատացեք, որ չեն կարողանալու ստանալ գոնե փոքրիկ մտերիալ։ Անձամբ ճանաչում եմ լիքը մարդկանց, որ 2018թ․ գործընթացներին ակտիվ մասնակցել են, բայց հիմա ասում են՝ ե՞ս, երբեք, ո՞նց կարող էի դրա նմանի հետևից գնալ։ Ամաչում են, ժողովուրդ։
Չեմ ասում Նիկոլը ձայն չունի։ Ցավոք, այսքանից հետո, ինչ մենք ապրեցինք, դա դեռ ունի աջակիցներ, բայց նաև ունի մարդիկ, որ իրեն ատում են, բայց մտնում են վարչական ռեսուրս ձևակերպման տակ։ Կարծում եմ՝ այս անգամ այդ ռեսուրսը չի կարող ամբողջ ծավալով հաջողել ընտրություններում։ Այնուամենայնիվ, ինչեպես ասում են՝ թռնի երկինք, իջնի ցած, այն զանգվածը չունի՝ հաղթանակ տանելու համար։
Մի մարդու փողոցում հարց ես ուղղում իշխանության մասին, կողքից անցորդները լսում են, իրենք էլ են միանում ու սկսում բողոքել․ ինչից ուզում ես՝ հարցրու․ թոշակից ես հարցնում՝ բողոքողները լի են, գնաճից ես հարցնում՝ լի են, աշխատատեղից ես հարցնում, լի են, աշխատանքի վարձրատրությունից ես հարցնում, բողոք ու բողոք, անվտանգությունից ես հարցնում՝ նմանապես։
Սրանք անընդհատ ինչ-որ թեմաներ են նետում դաշտ, որոնք, սակայն, փշրվում են՝ նպատակին չհասնելով։ Ի՞նչ եք կարծում, աշխատե՞ց թեզը, թե՝ եթե ինձ չընտրեք, կլինի պատերազմ։ Հակառակը, մարդկանց մի մասն ասում է՝ ուրեմն դու Ալիևի հետ պայմանավորվել ես, որ հարձակվի․ մյուս մասն ասում է՝ ուրեմն այնքան խախուտ է խաղաղությունը, որ ընդամենը մեկ մահկանացուի հետ է կապված․ բա որ նրան մի բան լինի, թե՞ պետք է մինչ կյանքի վերջ վարչապետ մնա․ շատերն էլ հաստատում են, որ տեղի ունեցողը խաղաղություն չէ, այլ հրադադար՝ մինչև ընտրություններ, նվաստացումների գնով, որից հետո պահանջների կատարումը շարունակվելու է։ Ի դեպ, Փաշինյանը լավ արեց, որ այս թեզը շուտ նետեց դաշտ, մինչ ընտրություններ՝ լրիվ կմաշվի։
Հաջորդ շաբաթ, արդեն, նոր թեզեր կնետվեն դաշտ, թե՝ Նիկոլի ընտրությունից հետո ինչ փայլուն ապագա կբերի Եվրամիությունը։ Մայիսի 4-5-ին Հայաստանում հավաքվելու է այսպես կոչված եվրոպական ընտանիքը՝ Հայաստան-Եմ գագաթնաժողով։ Նաև տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Սրանք, կարող եմ ասել, Հայաստանի համար խիստ հակառակ էֆեկտ են ունենալու։ Որովհետև եթե նրանցից մեկը Հայաստանին իբր եվրոպական օգնության մասին է, մյուսը՝ ամբողջությամբ հակառուսական և պրոուկրաինական։ Այդ միջոցառումները Հայաստանը ոչ մի միլիմետր գործնականում չեն մոտեցնելու Եվրամիություն մուտքին, բայց հանգեցնելու են Հայաստանի դեմ ռուսական պատժամիջոցների լայն փաթեթի։ Նիկոլին անձամբ արդեն բողոքում են մարդիկ, որ իր պատճառով իրենց դեպորտ են արել։ Սպասվում է նաև հայկական ապրանքի դեպորտ։ Այսինքն՝ այո, սկզբում մի քանի օր, կարծում եմ, կաշխատի եվրոպական օրակարգը, բայց շատ արագ ահազանգ կհնչի այսպես կոչված ցուրտ ձմեռների, ծառի տակ փտող գյուղմթերքի, աղքատության խորացման ու պարենային անվտանգության վատ հեռանկարների մասով։ Այս գագաթնաժողովը Նիկոլի իշխանության համար լուրջ գլխացավանք է լինելու, Հայաստանի համար՝ առավել ևս։
Սա էլ իրեն չի բերելու քվե։
Հետևում ե՞ք Նիկոլի մարզային շփումներին։ Տարիներ առաջ ինչ խնդիրներով դիմում էին մարդիկ, խոստանում էր լուծել, հիմա ցրում է, մեղադրում է։ Ասում են տուն չունենք, պատասխանում է՝ հեղափոխությունը տուն տալու համար չէր (բայց իր թիմի համար դղյակներ առնելու համար էր). ասում են՝ գործ չունենք, պատասխանում է՝ հելեք մայրուղու վրա սուրճ ծախեք (բայց իր թիմակիցները առանց մայրուղի կանգնելու՝ պարգևավճար են ստանում)։ Բողոքում են, որ հողը թանկ է, չեն կարող առնել-տուն սարքել, պատասխանում է՝ ես էլ իմ Երրորդ մասի տունն եմ վարկով գնել (իսկ կարող ե՞ս միջնորդել, որ նախկին նախագահի փեսան իրենց էլ ամեն ամիս տասնյակ հազարավոր դոլարներ տա, որ իրենք էլ վարկով տուն գնեն): Մի խոսքով, բողոքում են ամեն ինչից։ Էլ չեմ ասում, որ ընդամենը մի քանի մարդ է հավաքվում․ որպեսզի Նիկոլը մարդ հավաքի որևէ հրապարակում, անունը դնում են համերգ, ու հետո իրենց հույս տալիս, թե համերգի եկածները Նիկոլի ընտրողներն են։ Հույս տվեք՝ ինչքան կարող եք։
Հաճախ ենք կարդում հրապարակումներ, թե Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար այսինչ բանն է անելու, պաշտոնական ընտրակաշառք է տալու, գերի է բերելու, Եվրոպայի հետ վիզաների ազատականացում և այլն։ Ժողովուրդ ջան, վստահաբար ասում եմ՝ անհնար է, չի լինի։ 2021-ից ասում եմ՝ չկա այդպիսի մեկ քայլ, մեկ որոշում, մեկ իրադարձություն, որը Նիկոլի վարկանիշը կբարձրացնի։ 2021 թվականի ընտրություններից հետո մինչև հիմա նրա վարկանիշը բարձրացել է՞։ Չէ, ժողովուրդ ջան, գետինը ծակել ու իջել է ներքև։ Նա ոչ միայն չի կարողանում անտարբերներից, չկողմնորոշվածներից ձայներ տանել, այլև կորցնում է նրանց ձայները, որոնք թվում էր ամեն պարագայում իրենն են։ Եկեղեցու վրա գրոհի պատճառով քա՞նի տասնյակ հազար նիկոլական նրանից երես թեքեց․ քա՞նի տասնյակ հազար թոշակառու կար, որ նրանից երես թեքեց՝ 10 հազար դրամը ծախսել չիմանալու մասին ելույթից հետո։ Քա՞նի հազար հոգի երես թեքեց Ավինյանի հոր «համբալական» վիրավորանքից հետո։ Քա՞նի նիկոլական երես թեքեց եկեղեցում 18 տարեկան երիտասարդի ձերբակալելուց հետո, Մետրոյում այն երիտասարդ կնոջ վրա գոռգոռալուց, մարզեր այցելելիս մարդկանց վրա գոռգոռալուց հետո։
Փաշինյանը կառավարման համակարգի և մտածողության դեգրադացիայի մեջ է, նրա մոտ սխալներն արդեն նորմ են։ Դրա մոտ կուտակվել են բոլոր սխալները, և ցանկացած որոշում ու քայլ արդեն սխալ է շղթայական ռեակցիայով։ Բացի այդ, Փաշինյանի նկատմամբ վստահության այնքան մեծ կորուստ է, երբ նույնիսկ դրական որոշումներն են ընկալվում որպես սխալ։ Սա կոչվում է «ընկալման ճգնաժամ»։ Տեսեք, այլ պարագայում թոշակառուն կասեր՝ ապրես, որ բարձրացրեցիր թոշակը, գոնե մի քանի տարիր հետո․ մեր պարագայում հակառակն է, բոլորն ասում են՝ ընտրակաշառք է, թոշակառուներին վիրավորելուց հետո կարող էր և չբարձրացնել կամ՝ ավելի լավ էր չբարձրացներ, քան ամեն ինչ թանկացներ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ամեն քայլի կդիմի՝ իշխանությունը չզիջելու համար, թեկուզ որ նա զգում է պարտությունը։ Բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի պետականության պահպանությունը կախված է նրանից՝ Նիկոլը կմնա՞, թե՞ կհեռացվի։ Ժողովուրդ ջան, ձեր որոշումից է կախված։ Այս ընտրությունն ուղղակի հերթականը չէ, ամեն մի ձայնը պատասխանատվություն է Հայաստանի լինել-չլինելու համար։
yerevan.today





