Search
Close this search box.

«Հրապարակ». Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն` Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։ Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ Քյարամյանի հնչեցրած հայտարարության մասով, թե իրեն միջնորդել են Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված քրգործի հետ կապված:

Աղազարյանը հերքել էր դա՝ պահանջելով միջնորդների անունները հրապարակել։ Լսումներից 2 շաբաթ անց վարույթ հարուցվեց` Ճարոյանի դիմումի հիման վրա, սակայն այդ գործով որեւէ տեղաշարժ չկա` ո՛չ պատգամավորին է մեղադրանք առաջադրվել՝ հովանավորչության համար, ո՛չ ՔԿ նախկին ղեկավարին՝ սուտ մատնության: Մինչդեռ, եթե Աղազարյանի գործողություններում հանցակազմ լիներ, կհարուցվեր, որ Նիկոլ Փաշինյանի իղձը կատարվեր, եւ մանդատը խլելու գործընթացն ավարտին հասցվեր: Իսկ դա նշանակում է, որ այն հայտարարությունները, թե Քյարամյանն ու Բադասյանը կալանքն օգտագործում են որպես ճնշման միջոց, որ ավտոներկրողները հրաժարվեն ԱԱՀ-ից, որը պետք է վերադարձնեին նրանց, հիմնավոր էին»: