«Հրապարակ». Պապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը, պարզվում է՝ վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբ բաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան:

Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈՒ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց։

Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։

Առհասարակ` Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիքներին նշանակում մերձավորներին` իր ազդեցությունն ընդլայնելով։ Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել, մի քանի տարի առաջ նա «Ծիրանիում» «ռազբորկայի» էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը եւ խաչը՝ համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում