«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երևանի «Մարիոթ» հյուրանոցում՝ նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900 հազար դրամ է։
Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին երկու խումբը ժամանել է ավելի վաղ՝ նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը և մինչև նրա՝ հյուրանոց ժամանելը, նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի, արդուկվի։
Բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը «Մարիոթ»-ի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման, տեղում սպասել են, մինչև ավարտեն աշխատանքը, ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։
«Մարիոթ»-ում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել։ Բարձրաստիճան հյուրերի մյուս մասը տեղավորվել է «Ալեքսանդր» և «Գոլդեն Փելես» հյուրանոցներում»։





