Search
Close this search box.

«Հրապարակ». Հասան հայ-թուրքական սահմանին

«Հրապարակ»-ը գրում է․ « Մեր տեղեկություններով, իշխանությունների օրակարգում հիմա էլ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցն է դրված։ Խնդիր է դրված մինչև ուկրաինական կոնֆլիկտի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտը այդ հարցը լուծել։ Մեզ պատմեցին, որ Մարգարայի ու Անի Պեմզայի հատվածներում ռուս սահմանապահների կազմում ծառայություն իրականացնող հայ սահմանապահներն էլ են արդեն նոր աշխատանք փնտրում։ Հիշեցնենք, որ իշխանությունները հրաժարվեցին ռուս սահմանապահների ծառայությունից նախ «Զվարթնոցում», ապա հայ-իրանական սահմանին համատեղ հսկողություն սահմանվեց` հետագայում ամբողջությամբ հայ սահմանապահների միջոցով իրականացնելու հեռանկարով, հիմա էլ, փաստորեն, գործընթացը հասել է հայ-թուրքական սահմանին։

Ի կատարումն համատեղ ստորագրված համաձայնագրի, արդեն փետրվարին ամերիկյան սահմանային հսկողության խումբը Հայաստան է գալու, ինչպես ասում են՝ կարողություններ զարգացնելու նպատակով։ Դա նշանակում է, որ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի մաքսային ու սահմանային հսկողությունն ամերիկյան մասնագետներն են կառավարելու։ Թե հարևան Իրանն ինչպես է սրան վերաբերվելու, կարող ենք դատել եվրադիտորդների գործունեությանը տրված գնահատականներից։ Թեհրանում կարծում են, որ Հայաստանն իր տարածքը տրամադրում է Արեւմուտքին` Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրման համար»։