Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Արցախի Հանրապետության պաշտոնական կայքերի փակումը` Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
Ավելի վաղ Yerevan.Today պարբերականը գրել էր, որ Արցախի խորհրդարանի, ԱԳՆ–ի, կառավարության, պաշտպանության բանակի կայքերը չեն գործում։ Արցախի տեղեկատվական շտաբից նրանց հայտնել էին, որ դրանք փակվել են 2024 թվականի փետրվարին ՀՀ ԱԱԾ–ի կողմից։
«ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» թիվ 1521-Ն որոշման համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի անվտանգության ապահովման ուղղությամբ», – պատասխանել են ԱԱԾ–ից։
ԱԱԾ–ն չի պատասխանել մեր այն հարցերին, թե արդյոք կայքերը փակել են հենց իրենք, և եթե այո` ինչ պատճառով, եղել է նման պահանջ Ադրբեջանից, ինչ ճակատագիր են ունեցել այնտեղ զետեղված նյութերն ու արխիվները։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա։ Հաջորդ օրը Ստեփանակերտն ընդունեց հրադադարի առաջարկը, իսկ սեպտեմբերի 24-ին սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։