Search
Close this search box.

Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար

Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար, Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է «123-րդ համաձայնագրին» միանալու դիմումը, ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ խոսնակի՝ հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ, գրում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:

«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին»,- ասել է խոսնակը։ Պետդեպարտամենտն «այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի» կամ այս գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, գրում է ԶԼՄ-ն։