Search
Close this search box.

Հայաբնակ Ջավախքում արդեն վաղուց ձևավորվել է բարդ իրավիճակ, երբ անհրաժեշտ է լուծել մի շարք քաղաքական և սոցիալական հարցեր

Կ ո չ

Շուտով կայանալու են Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությունները, սակայն երկրի և ոչ մի քաղաքական ուժ դեռևս չի ներկայացրել իր ծրագրային առաջնահերթությունները՝ ուղղված երկրի տարբեր խմբերի և շերտերի միջև առկա քաղաքացիական և սոցիալ-քաղաքական անհավասարության առնչվող խնդիրների լուծմանը: Եվ, ինչը հատկապես մտահոգիչ է, բացակայում են երկրի էթնիկական փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրների լուծմանն ուղղված իրական նախընտրական ծրագրերը:

Ընտրությունները լավ հնարավորություն են ստեղծում ջավախքահայերի և Վրաստանի բոլոր քաղաքացիների համար Վրաստանի իշխանական կառույցներ ընտրելու արժանի թեկնածուների: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի Ջավախքի (Սամցխե-Ջավախք երկրամաս) հայ բնակչությունը ակտիվ մասնակցություն ունենա, իսկ ընտրություններն անցնեն ազնիվ և քաղաքավարի ձևով, ինչը կբացառի ընտրակեղծիքների և ընտրարշավի ընթացքում անմաքրաբարո մեթոդների կիրառումը: Այնպիսի մեթոդների կիրառումը, ինչպիսիք են՝ հանրային կարծիքի մանիպուլյացումը, վարկաբեկումը, այլ “կեղտոտ տեխնոլոգիաները”, ազգային փոքրամասնությունների կարծիքն արհամարհելը, պատգամավորության թեկնածուների ոչ արժանավայել պահվածքը, տարբեր ոչ բարեխիղճ անձանց համար բացում է դեպի իշխանություն ճանապարհը: Նման մարդիկ, որոնք ունակ են միայն քանդելու և ոչ երբեք ստեղծագործելու, միայն սրում են ազգամիջյան թշնամությունը, վարկաբեկում են իշխանությունը՝ քայքայելով նրա հեղինակությունն ու պետության հիմքերը:

Հայաբնակ Ջավախքում արդեն վաղուց ձևավորվել է բարդ իրավիճակ, երբ անհրաժեշտ է լուծել մի շարք քաղաքական և սոցիալական հարցեր: Համապատասխանաբար, Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին տալ իրենց քվեն այն կուսակցություններին ու թեկնածուներին, որոնց նախընտրական ծրագրերի մեջ տեղ կգտնեն հետևյալ առաջնահերթությունները.

• Ապակենտրոնացում և Ջավախքին (Սամցխե-Ջավախք երկրամաս) ինքնակառավարման առավել լայն լիազորությունների տրամադրում,

• Հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում,

• Ջավախքի հայկական դպրոցներում հայերեն լեզվի կրճատված դասաժամերի վերականգնում,

• Վրացերենի իմացության մակարդակի բարձրացում մինչև բնակչության 90% լրացուցիչ ոչ հարկադրական մեթոդների կիրառման միջոցով,

• Խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական եկեղեցական շինությունների վերադարձ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին,

• Քաղաքական հետապնդումների դադարեցում և Ջավախքի խնդիրներով մտահոգ հայ գործիչների Վրաստան մուտք գործելն արգելող այսպես կոչված “սև ցուցակների” վերացում,

• Ջավախք հայալեզու դասագրքերի, մամուլի և գրականության ներմուծման արգելքի վերացում,

• Երկրամաս ներդրումների խրախուսում, տնտեսության կայուն աճի ապահովում, փոքր և միջին բիզնեսի աջակցության ուժեղացում, նոր մշտական աշխատատեղերի ստեղծում, գործազկության և աղքատության կրճատում,

• Ագրարային սեկտորում աշխատանքի արտադրողականության խթանում, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ավելացմանն ուղղված ծրագրերի իրականացում, գյուղատնտեսության միկրովարկավորման ծրագրերի իրականացում,

• Հետագա խորհրդարանական ժամանակաշրջանի ընթացքում նոր հիվանդանոցների, պոլիկլինիկաների, նախակրթական և կրթական հաստատությունների, մշակութային և սպորտային նշանակության օբյեկտների կառուցում,

• Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում խմելու ջրով ապահովելը և գյուղական ճանապարհների կառուցումը.

Մենք համոզված ենք, որ ջավախքահայերի բարեկեցության բարձրացումը պետք է լինի Վրաստանի պետական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը և վերոնշյալ առաջնահերթությունների իրական կյանքում իրագործելը դրականորեն կանդրադառնա Վրաստանի բոլոր քաղաքացիների կյանքի վրա:

Վրաստանին անհրաժեշտ է պահպանել բազմազգ վրացական հանրության միասնությունն ու համերաշխությունը: Դա նրա գլխավոր սեփականությունն է, ամրապնդման և ապագա զարգացման գրավականը, որը ցավոք այս վերջին 34 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունների կողմից անտեսվել է: Այնուամենայնիվ համոզված ենք, որ ապագայում նման անտեսում այլևս չի լինի: Մենք, բազմաթիվ առաջադեմ ուժերի հետ միասին, երբեք չենք դադարի հիշեցնել իշխանություններին դրա մասին, քանի որ դա Վրաստանի ամբողջականության պահպանմանն ու նրա հետագա զարգացմանն ուղղված հիմնական պետական հարցն է:

“Ռուսաստանի ջավախքյան սփյուռք”
կազմակերպության նախագահություն
10 սեպտեմբերի 2024 թ.