«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանին անվանական փորագրությամբ եւ ընկերության տարբերանշանով ձեռքի ժամացույց է նվիրել։ Ժամացույցի արժեքը 45 հազար դրամ է։
Նվերը հանձնել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 6-ին։
Նույն մրցանակաբաշխության ժամանակ Փաշինյանին Հայաստանի հրաձգության ֆեդերացիան 40 հազար դրամ արժողությամբ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բրոնզե հուշամեդալ է նվիրել։
Նիկոլ Փաշինյանին նվերներ են բերել նաեւ արտերկրից ժամանած պատվիրակությունները: Օրինակ, Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաեւի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 9-ին ժամանել էր Հայաստան, նրան սըրմակ (նախշազարդ ղազախական գորգ) է նվիրել։
ԿԿՀ-ի գնահատմամբ, գորգն արժե 102 հազար 527 դրամ։
Իսկ ապրիլի 10-ին Էստոնիայի ԱԳՆ Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է Hyti ապրանքանիշի ափսե, որը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատման, արժե 45 հազար 382 դրամ։
Հաջորդիվ կիմանանք, թե ինչ նվերներ են բերել Եվրոպայից ժամանած հյուրերը:





