Հայ քրիստոնյա, կարդա՛ եւ խորհի՛ր, թող բացվեն հոգուդ, սրտիդ եւ մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս եւ ընկալես Ճշմարտությունը, այս մասին գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Հայոց Եկեղեցու լուսավորիչ վարդապետաց դասի ԺԳ. (13-րդ) դարի ականավոր դեմքերից Տ. Հովհաննես Երզնկացի Մեծ վարդապետի այս վկայությունը բոլոր ժամանակների համար անսասան ճշմարտություն է։ Մանավանդ մեր օրերի այս խորին խավար իրականության մեջ Մեծ վարդապետի այս վկայությունն աստվածային Լույս է՝ առ Աստված հուսացյալ բոլո՛ր հայ քրիստոնյաների համար, որպեսզի մենք մնանք հաստատուն եւ հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցու հավատքին, վարդապետությանը, կարգաց ու կանոններին, մեզ հոգեւոր կյանք եւ առավել՝ հավիտենական կյանք հուղարկավորող եկեղեցական դասին՝ ի գլուխ ազգընտիր եւ աստվածարյալ, ողջ տիեզերքում Սբ Եկեղեցու միակ Օծյալ հոգեւոր պետ, գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Եւ Տ. Հովհաննես Երզնկացի Մեծ վարդապետի այս վկայությունը, սիրելի ազգակիցներ, ձեզ ամենքիդ եմ մատուցում մեր Նախնյաց լեզվով՝ աստվածային գրաբարով. հոգով եւ սրտով կարդացեք եւ ձեր միտքը խորապես կընկալի այս Լույս ճշմարտությունը, որով կփարատվի անգիտության խավարը կործանարար եւ կծագի աստվածգիտության ճշմարիտ ու փրկարար լույսը.
«Ուղղափառ հաւատոյ Քո լոյս՝ ո՜վ Եկեղեցի Հայոց , ո՛չ նուազեցաւ, ի բարի սերմանս ցորենոյդ որոմն ո՛չ խառնեցաւ (Մատթ. ԺԳ. 25). զաղբիւր յստակ աւանդութեանց Քոց՝ աղտաղտուկ ջուր օտարոտի ուսմանց ո՛չ պղտորեաց (Սաղմ. ՃԶ. 34). ի ստուգութեան եւ ի ճշմարտութեան հացն Քո կենդանական՝ մեռելական խմոր եւ հերձուած քացախութեան չարութեանն ո՛չ զանգեցաւ (Ա. Կորնթ. Ե. 8 ). յոսկի ամբիծ հաւատոյն եւ յարծաթ լուսատեսիլ բանին՝ պղինձ ժանգահոտ եւ կապար սեւաթոյր ո՛չ գտաւ։ Եւ այսոքիկ խնդրուածովք Մեծ Նահատակին Քրիստոսի Սրբոյն Գրիգորի՝ Քեզ շնորհեցան»։
Արդ, հայ քրիստոնյա, կարդա՛ եւ խորհի՛ր, թող բացվեն հոգուդ, սրտիդ եւ մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս եւ ընկալես Ճշմարտությունը։ Իսկ հայ իրականության մեջ հավիտենական եւ հաղթական Ճշմարտությունն այս է՝ Հայոց Եկեղեցու հավատքը, վարդապետությունը, կարգերն ու կանոնական դրվածքը «ոչ է հնացյալ զի նորոգեսցի, եւ ոչ է թերի՝ զի լրասցի»։
Արդ, մնանք ամուր եւ հաստատուն խարսխված «յանսասանելի վէմն Քրիստոս»»,- նշել է Հայր Ասողիկը։





