Hraparak.am-ը գրում է. Վարձով բնակարանների գները, մեծ հավանականությամբ, 2025-ի կեսերից կսկսեն կարգավորվել՝ հասնելով մի քանի տարի առաջվա խելամիտ արժեքներին։ 3 սենյականոց բնակարանի վարձավճարը (70-90 քմ) Երեւանում կհասնի մոտավորապես 90-120 հազար դրամի։ Սա անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանի կանխատեսումն է։ «Վարձավճարների վրա ազդելու են հետեւյալ գործոնները․ նախ՝ առաջարկի ավելացումը, որը պայմանավորված է նրանով, որ շուկա է մտնելու նոր գույք` ավարտվող-հանձնվող շենքերի տեսքով, ապա նաեւ՝ վաճառքի շուկայում առաջարկի լճացմամբ պայմանավորված անխուսափելի գնանկումը»։
Ըստ նրա՝ վաճառքի գներն իջնելու դեպքում վարձով ապրողների մի մասը գնում է բնակարան, նախկինում նրանց վարձակալած բնակարաններն ազատվում են, եւ ազատ բնակարանների թիվն ավելանում է ու գինը իջնում։ Եթե մարդը գնում է բնակարան՝ վարձով տալու նպատակով, որքա՞ն ժամանակ հետո է գույքի գինը վերադառնում։ «Հայաստանում տարեկան 5-6 տոկոսի սահմանում է գնի հետվերադարձը, Դուբայում՝ 8-12 տոկոսի, Եվրոպայում` ավելի ցածր։ Եվրոպայից հայերը դրա համար էին այստեղ շատ գույք գնում՝ որպես ներդրում։ Հիմա գնում են Դուբայ»։ Մարզերում է՞լ է սպասվում վարձավճարների նվազում, սեփական տների, թե՞ խոսքը միայն Երեւանի մասին է։ «Մարզերում էլ անպայման կնվազի։ Սեփական տների մասով էլ պահանջարկի անկում կա, դա գներով էլ է նկատելի` վաճառքի գներն ավելի ռեալ են ու ավելի ցածր, քան բնակարաններինը։ Իսկ վարձերը բնակարաններին հավասար են։ Ասենք՝ Արաբկիրում 2 հարկանի սեփական տունը եւ 3 սենյականոց բնակարանը կարելի է վարձակալել նույն գնով, իսկ երեւանամերձ, մաքուր օդով տարածքներում՝ ավելի մատչելի, քան Արաբկիրում»։ Կարապետ Հովհաննիսյանը բացառում է, որ, Իրան-իսրայելական հակամարտությամբ պայմանավորված, նոր ներգաղթ կսկսվի դեպի Հայաստան, եւ գույքի լրացուցիչ պահանջարկ կառաջանա, ինչպես ժամանակին ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ «Նախ՝ չեմ կարծում, որ շատ խորը կսրվի այդ հակամարտությունը, հետո էլ՝ աշխարհում արդեն հայտնի է, որ Հայաստանն ապրելու համար թանկ երկիր է։ Եվ երկրորդ՝ Հայաստանն էլ ապահովագրված չէ պատերազմներից եւ հենց այդ նույն պատերազմի հետեւանքով նոր պատերազմում ներքաշվելուց»։