Search
Close this search box.

Գերեվարված հայերի ազատ արձակումը կօգնի Երևանի ու Բաքվի հաշտեցմանը. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանում գերի ընկած հայերի ազատ արձակումը մեծապես կօգնի Երեւանի եւ Բաքվի հաշտեցմանը: Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Նման քայլը մեծապես կօգնի հաշտեցմանը»,- նշել է նա և հավելել, որ կալանավորների ազատ արձակմանն առնչվող մնացած հարցերը պետք է ուղղվեն ադրբեջանական կողմին։

Արսենյանը միաժամանակ նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն գնում են դեպի խաղաղ պայմանագրի կնքման, իրենք պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետություն, երկու ժողովուրդ կապրեն խաղաղության և համագործակցության մեջ, ապա պետք է սկսել քայլերից, որոնք պետք է գնահատվեն:

Նա հրաժարվել է մեկնաբանել նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերաբերող առանձին հարցը՝ նշելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա։

Հայաստանի դեսպանը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը։

«Հայ ժողովուրդը և ադրբեջանցի ժողովուրդը Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի քաղաքացիներին, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին ևս մեկ անգամ հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,-նշել է նա։