Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։
Թեև ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը և մյուսները հայտարարել են, թե նրանց նկատմամբ խոշտանգումներ տեղի չեն ունենում, սակայն հրապարակված լուսանկարներն այլ բանի մասին են վկայում` նրանք խոշտանգվել են, ենթարկվել բռնությունների։ Հենց նույն ադրբեջանական լրատվամիջոցներն են հրապարակել լուսանկարներ Ռուբեն Վարդանյանի վերջին «դատական նիստից», որտեղ նրա դեմքին հստակ երևում են խոշտանգումների հետքերը, բացակայում են Բակո Սահակյանի ատամները։
Իսկ արևմտամետ հասարակական կազմակերպությունները սարսափելի մանրամասներ են հայտնել, թե ինչպես են Ռուբեն Վարդանյանի գլուխը երկաթով սեղմել։ Բժիշկներն ասում են, որ ստեղծված իրավիճակն ուղղակի սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքի համար։ Դրանք պահանջում են միջազգային մարդասիրական և բժշկական կազմակերպությունների անհապաղ միջամտություն:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան ապօրինի դատավարության դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 26-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստը հետաձգվել է։ «Իմ հորը խոշտանգել են»,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը տեսաուղերձում, որում կոչ է անում քայլեր ձեռնարկել Բաքվում անցկացվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։