Մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը խոսելով ընտանիքների կարևորության մասին որպես կարևոր ձեռքբերում ներկայացրել էր այն փաստը, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրանալու է առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300 հազար դրամից դառնալով 500 հազար դրամ։ Սակայն Թորոսյանը օրենքի՝ իրենց ձեռնտու մասն է միայն մեջբերել։ Չի նշել, որ երրորդ և չորրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստը հիմնովին կրճատվել է: Նոր կարգավորմամբ ոչ միայն բարձրացում է նախատեսվում, այլ նաև միաժամանակ անհամեմատ նվազում է բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցությունը` երեխայի ծննդյան կապակցությամբ։ Մասնավորապես, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ծնված երեխաների դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանված էր հետևյալ չափերով՝
առաջին և երկրորդ երեխայի համար՝ 300 հազար դրամ,
երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ,
հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1,5 մլն դրամ։
Մինչդեռ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում սահմանվում է նույն համահարթեցված մոտեցումը․ անկախ նրանից, թե որերորդ երեխան է ծնվել՝ միանվագ նպաստը կազմելու է 500 հազար դրամ։ Այսպիսով, եթե առաջին և երկրորդ երեխաների դեպքում պետության կողմից տրամադրվող աջակցությունն իսկապես ավելանում է (200 հազար դրամով), ապա բազմազավակ ընտանիքների համար նախատեսված գումարները կտրուկ նվազում են․ օրինակ՝ հինգերորդ երեխայի դեպքում գործող 1,5 մլն դրամի փոխարեն կտրամադրվի 1 մլն դրամով պակաս գումար՝ ընդամենը 500 հազար դրամ։
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մենք դիմեցինք նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կիրակոսյանին՝ ճշտելու, արդյոք օրենքում տեղի է ունեցել նոր փոփոխություն, թե խոսքը դեռևս 2025 թվականի նոյեմբերի 20-ի կառավարության նիստում ընդունված որոշման մասին է, որով նախատեսվել էր անկախ ընտանիքում առկա երեխաների թվից նույն միանվագ գումարը սահմանել՝ 500 հազար դրամ։ Ի պատասխան՝ Կիրակոսյանը նշեց, որ նոր փոփոխություն տեղի չի ունեցել, և գործում է նույն որոշումը, որն արդեն ընդունվել էր կառավարության կողմից։ Ստացվում է՝ այս օրենքով զգալի կրճատվում է բազմազավակ ընտանիքներին տրվող աջակցությունը։





