Վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար 10,000 դրամով տուգանվել է 32 100 մարդ, ինչը շատ փոքր թիվ է: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ես իմ օգնականի հետ, երբ մեքենայով դուրս եմ գալիս, աջ եմ նայում՝ հեռախոսով խոսում են, ձախ եմ նայում՝ հեռախոսով խոսում են՝ տաքսիստ լինի, աղջիկ լինի, բոլորը խոսում են, ինչ են այդքան խոսում, լավ պետք է անպայման մեքենայի մեջից խոսե՞ն, գնացեք ուրիշ տեղ խոսեք:
Սա լավ առիթ է, որ մի շարք էլեմենետներ ավելացնենք, մի շարք երկրներում վարորդական վկայականը կորցնելու ռիսկ կա հենց խախտում անելու համար: Կամ ի՞նչ է նշանակում եկեք խրախուսենք լավ վարորդներին, ծաղիկներ նվիրենք: Եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»: Խրախուսելն այն է, որ ինքը խախտում չի անում, ի՞նչ խրախուսել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: