Հայաստանի ապագա ընտրությունը Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև պետք է կատարեն երկրի քաղաքացիները, երբ դրա անհրաժեշտությունը հասունանա, ՏԱՍՍ-ին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ընդգծել է , որ Երևանը գիտակցում է երկու կառույցին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։ «Ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի կայացնել համապատասխան որոշում։ Ընդ որում՝ այդ հարցի շուրջ որոշումն անպայմանորեն կկայացնեն ՀՀ քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է փոխվարչապետը։ Գրիգորյանը շեշտել է, որ ներկայումս Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, կառուցողականորեն համագործակցում է կառույցի շրջանակներում և լիարժեք մասնակցում բոլոր որոշումների կայացման գործընթացներին։ ՀՀ ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել էր ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ին միանալու վերջնական հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ռուսական կողմը, ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, շեշտել էր, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի մասնակցության հետ։





