Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև հունվարի վերջ Հայաստանին տեղեկություններ տրամադրել Բաքվում պահվող բոլոր հայերի, ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք Բաքվում պահվող ազգությամբ բոլոր հայերի, ՀՀ քաղաքացիների վերաբերյալ դատական պրոցեսներում պահանջներ ներկայացրել ենք։ Այս փուլում եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի վերջ։ Բաքուն պետք է մինչ այդ բոլոր պահվող անձանց մասին տեղեկատվություն տրամադրի, ակնկալում ենք մանրամասն տեղեկություններ՝ վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։ Այս տեղեկությունները ստանալուն պես մենք դրանք փոխանցում ենք նաև հարազատներին»,- նշել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված «թիվ 2» գանգատը վերաբերում է Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և ապօրինի ազատությունից զրկելու հարցին։