Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում գտնվող զրուցարանի տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, թղթախաղի համար օգտագործվող քարտեր։
Տարածքը սահմանազատել են կրտսեր պարեկներ Արամ Ենոքյանն ու Հարություն Մանգասարյանը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ որովայնի ձախ կեսի և գլխի հատվածում դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Տ. Օ.-ն է, ում նշված հիվանդանոցում առաջին անհրաժեշ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հարություն Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը գիտեն ենթադրյալ դանակահարություն կատարող կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտել են՝ ինչն է եղել դանակահարության պատճառը։