Search
Close this search box.

«Ժողովուրդ». Բնակարան, 7,5 մլն դրամ. 3,000 դոլար ավանդ, 10 մլն դրամ բանկային հաշվում. ՆԳՆ նոր փոխնախարարի հայտարարագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը ազատ մնացած պաշտոնների համար ռեսուրս չունի եւ ստիպված մարդկանց է մի կառույցից մյուսը տեղափոխում։ Օրինակ՝ Դատախազությունից տեղափոխում է քննչական կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ պետեկամուտների կոմիտե եւ միգրացիոն ծառայությունից՝ ներքին գործերի նախարարություն։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։

Ով է Արմեն Ղազարյանը եւ ինչ ունեցվածք ունի: Նա 2018 թվականի հունիսից նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետեւ, երբ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումներից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023-ի հունվարից նշանակվել էր ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ։

Այսինքն՝ Ղազարյանը հենց հեղափոխական կադր է։ Ինչպես իշխանության մեծամասնությունը՝ նախկին լրագրող է. 2010 թ. – 2012 թ., 2016 թ.- 2017 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թղթակից։ Ապա աշխատել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։

Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։ Մինչ այս Ղազարյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus մակնիշի մեքենա։

Ղազարյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ եւ գրեթե 3 հազար դոլար։ Նախորդ՝ 2022 թվականի համեմատ դրանք ավելացել են գրեթե 2 մլն դրամով։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 630 հազար դրամ։ 2023 թվականից մինչեւ նույն թվականի տարեվերջ դրանք ավելացել են 3 մլն դրամով։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,7 հազար եվրո եւ 1,2 հազար դոլար։

Կանխիկ դրամական միջոցների մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։

Արմեն Ղազարյանը, որպես ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, հայտարարագրել է 16 մլն 44 հազար դրամ տարեկան եկամուտ։ Նորանշանակ տեղակալի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականի համեմատ ավելացել են 3 մլն դրամով։

Հաշվետու տարվա եկամուտներից 14 մլն 307 հազարը աշխատանքի վարձատրություն է ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Եկամուտներից 1 մլն 600 հազարը եւ 13 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն են համապատասխանաբար Հայաստանի Ամերիկյան համալսարանից եւ Երեւանի պետական համալսարանից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 892 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում