«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ներկայացվածություն ունի նաեւ ավագանիում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքեն՝ հարցը ավագանու օրակարգ մտցնելու համար:
«Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ տարեվերջյան նիստին հարցը օրակարգ մտնի: Բայց ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ:
Մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ նիստ են ունենալու եւ հարցը պետք է քննարկեն Հայկ Մարությանի հետ, միեւնույն ժամանակ շեշտեց՝ պետք է գործընթացը սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ անել, ռեսուրսները գնահատել:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց՝ թող նախ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները իրենց ներսում վերջնական որոշում կայացնեն, բոլոր անդամները միանան նախաձեռնությանը, եւ նոր դիմեն մյուս խմբակցությունների անդամներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում