Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաեւ բաղձալի է, սակայն նրանց հետ Հայաստան չեն վերադառնալու ռազմաքաղաքական գերիները։ Ռազմաքաղաքական գերիները՝ Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միակն է Ռուբեն Վարդանյանից հետո, ով ունի միջազգային փաստաբան։ Դավիթ Բաբայանի փաստաբանը ամերիկաբնակ հայ Ջաք Հակոբ Բուռնազյանն է։ Իսկ Ռուբեն Վարդանյանը ունի միջազգային հանրության մեծ աջակցությունը, սակայն այդ աջակցությունը, կարծես, մինչ այս պահը որեւէ հաջողության չի հանգեցրել։

Նշենք, որ ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլեւս չանել եւ հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Բաքվում անմարդկային պայմաններում պահվող գերիներին, նրանց կտտանքների ենթարկելու դեպքերին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի բանտում ապօրինի կերպով պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր էին ներկայացրել Բաքվում՝ նշելով, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։