Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, «Ազատությանն» ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:
«Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,-նշել է Բադալյանը:
Ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովն ասել էր, որ կողմերն, ըստ նրա, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», — նշել է Ամիրբեկովը, հավելելով,-«Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»: