Վարդան Ղուկասյանն անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, թույլ չենք տալու կրիմինալը վերադառնա Գյումրի. Նազելի Բաղդասարյան

«Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակում մեր Սարիկն է ու մեր քաղաքական թիմի անդամները, Գյումրիում հայտնի մարդիկ, որոնք հարգանք, ճանաչում են վայելում», — ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ով նույնպես նախընտրական ցուցակում է՝ նախավերջին համարը՝ 98-րդը։

Հարցին՝ հեղինակություն վայելող մարդիկ կցանակա՞ն մտնել ՔՊ ցուցակ, նա պատասխանեց. «Ես և իմ գործընկերները դրա վառ ապացույցն ենք»։

Հարցին՝ ինչո՞վ եք վստահ, որ ձեր քաղաքական ուժին գյումրեցին ընտրելու է, քանի որ բոլոր ոլորտներում ձեր ուժը ձախողել է, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ վստահությունն այն վերաբերմունքն է, որը գյումրեցին ունի մեր հանդեպ։ Վստահությունը կտեսնենք մարտի 30-ին։

Մենք ուզում ենք միանձնյա իշխանություն ձևավորենք, որպեսզի կարողանանք իրականացնել ծրագրերը»։

Խոսելով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, ով նույնպես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, Ն.Բաղդասարյանն ասաց. «Վարդան Ղուկասյանը ոչ միայն այս փուլում է սպառնացել, անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, այդ թվում նաև իմ երեխայի հետ կապված դեպքը։

Այսինքն այդ սպառնալիքներին սովոր ենք, բաց վստահորեն ասելու եմ՝ մենք, այսինքն ժողովուրդը, այսինքն իշխանությունը, թույլ չենք տալու որպեսզի 1999-2012 թվականներից կրիմինալը վերադառնա քաղաք»։