Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նշել, որ վաղը հանձնաժողովը նիստ կանցկացնի՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման առաջարկը:
Առաջարկվել է քննարկել կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով:
«Նոր գաղափար, նոր միտք է, որը կքննարկենք, արդեն Խորհուրդը կորոշի: Կա նախնական ընկալում, որ 2027-ին է տեղի ունենալու սահմանադրական հանրաքվեն:
Մինչև այդ ի՞նչն է կարևոր, որ ունենք բավականին նորմալ ժամանակ, որպեսզի մանրամասն, հանրային քննարկումներով, մասնագիտական հանրույթի հետ աշխատելով, հենցը ինքը՝ Խորհուրդը, քանի որ մարդիկ են, որոնք տարբեր պրոյեկտներում են ներգրավված, հանգիստ կարողանան, փորձագետներ վարձելով, մանրամասն վերլուծել:
Ունենք հարցեր, որոնք արդեն քվեարկել ենք, քննարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու: Կարելի է ասել, որ վաղը տրվում է նոր մեկնարկը նոր Սահմանադրության և, ի դեպ, նոր գաղափարների քննարկման»,- ասել է նա: