Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։
Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով, հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։
«Իրենք ասում են՝ երկու եռամսյակը 10 տոկոսով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է սուտ, խաբեություն է»,- ասում են նրանք։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։