Search
Close this search box.

Թուրքամետ խմբավորումը հայտարարել է Դամասկոսը գրավելու մասին. հաղորդվում է, որ Բաշար Ասադը լքել է Սիրիան

Թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը հայտարարել է, որ գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, և որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փախել է երկրից, հայտնում է Al Jazeera-ն։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ կառավարական բոլոր հաստատությունները կմնան Սիրիայի ներկայիս վարչապետի վերահսկողության տակ, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն հանձնվել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի ներկայիս վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալիի հեռուստաուղերձը, սիրիացի զինյալների Դամասկոս մտնելուց հետո նա հանրապետության իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամություն է հայտնել ։

«Մենք ձեռք ենք մեկնում ընդդիմախոսներին, որոնք հաստատել են, որ չեն վնասի որևէ մեկի, ով մեր հայրենիքի մաս է կազմում… Մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ այնպես, որ նրանց տրամադրենք հնարավոր ամբողջ օգնությունը և աստիճանաբար հանձնենք կառավարության գործերը՝ ապահովելով պետական ​​օբյեկտները»,- ասել է նա:

Սիրիայի վարչապետը նաև հայտարարել է, որ չի հեռանալու Դամասկոսից՝ կոչ անելով պահպանել հասարակական ինստիտուտները։ Նա մտադիր է շարունակել աշխատանքը՝ հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պետական ​​կառույցների գործունեությունը ապահովելու համար։

«Մենք հավատում ենք Սիրիային բոլոր սիրիացիների համար: Մենք հավատում ենք, որ այն կարող է լինել նորմալ պետություն, որը լավ հարաբերություններ է կառուցում իր հարևանների և աշխարհի հետ՝ առանց տարածաշրջանային դաշինքների կամ բլոկների մեջ մտնելու։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի ղեկավարություն կընտրի սիրիացի ժողովուրդը»,- հավելել է վարչապետը։