Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանաել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Վերջինս ասել է, որ Հայաստան են ժամանել թուրքական տաս լրատվամիջոց:
«Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- նշել է նա:
Ծառուկյանի խոսքով՝ Նախաձեռնությունը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից է եղել: Փորձել են գտնել ամենաազդեցիկ լրատվամիջոցների, դիմել են խմբագրություններին և ուղարկել են համապատասխան լրագրողների:
Այցի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:
Հրավիրվել են և՛ պետական, և՛ մասնավոր, և՛ ավելի պրոիշխանական, և՛ ընդդիմադիր լրատվամիջոցներ:
«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- հավելել է նա: