Թրամփը նամակ է ուղարկել Խամենեիին. Reuters

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն բանակցել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ նախագահը տեղեկությունը հայտնել է Fox Business Network-ին տված հարցազրույցում:

«Ես ասացի՝ հուսով եմ՝ դուք կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ստանալ այդ նամակը: Այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ միջուկային զենք ստեղծվի»,- պատմել է Թրամփը հարցազրույցում։

Նամակը, ըստ ամենայնի, ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին: Սպիտակ տունը մեկնաբանություն չի տվել:

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն նախընտրում է Իրանի հետ գործարք կնքել նրա միջուկային ծրագրի շուրջ: