Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործունեության արդյունքում Երևանում դադարեցվել է խարդախությամբ զբաղվող երկու կենտրոնների գործունեությունը, հայտնում է Polisia.kz-ն։ Բացահայտվել և կալանավորվել են Ղազախստանի և եվրոպական երկրների քաղաքացիների նկատմամբ համացանցային խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի կազմակերպիչներն ու անդամները, ովքեր մարդկանց առաջարկում էին գումար ներդնել ենթադրաբար խոշոր ներդրումային ընկերություններում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 ավտոմեքենա, 30 հազար ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի, հայտնել է Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության պետ Ժանդոս Սույինբայը։ Նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցախմբի 41 անդամ, որոնք Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ են։