Դատարանը սահմանափակեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։
Մելիքյանի խոսքով՝ Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների եւ նրանց ընտանիքի անդամների մասին:
«Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝ Էդգար ջան, գնացինք: Ցավում ենք այս որոշման համար: Սա հերթական անգամ ցույց տվեց, որ կարող են սահմանափակել խոսքի ազատությունը և դատական իշխանությունը դրա համար բավարար երաշխավորող մարմին չէ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ որոշումը պարտադիր կբողոքարկվի:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար: