Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներկրմանը, փաստել է, որ սրանով վերջնականապես ավարտվեց շուկայում մենաշնորհի կազմաքանդման 8-ամյա փուլը։ Գործընթացի տևողության վերաբերյալ քաղաքացիների հարցադրումներին ի պատասխան՝ կառավարության ղեկավարը պարզաբանել է. «Պատասխանը շատ պարզ է. որովհետև մենք ոչ թե պարզապես գործողություն ենք անում, այլ բառիս բուն իմաստով պայքարում ենք մաֆիայի դեմ, որը երբեմն տարբեր վայրերում տարբեր ճյուղեր ունի»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա ճգնաժամն առավել զգալի ազդեցություն կունենար Հայաստանի տնտեսության ու բնակչության վրա թե՛ գների, թե՛ մատակարարման տեսանկյունից, եթե չլիներ ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը։
Վարչապետը նաև շեշտել է, որ չնայած միջազգային բարդ իրավիճակին՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների համար առաջնահերթություն է տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացումն ու TRIPP նախագծի կենսագործումը։





