«Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք։ Ես կարծում եմ, որ սրանք պարզ, հիմնարար բաներ են, որոնց բացակայության դեպքում մարդն իրեն մշտապես ճնշված է զգում»։ Այս մասին Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա, Հայաստանում մարդիկ ստիպված են մշտապես մտածել իրենց երեխաների ապագայի մասին՝ կմնա՞ն նրանք Հայաստանում, թե՞ կարտագաղթեն։
«Շրջակա միջավայրը կյանքի համար անհարմար կլինի։ Ինչ-որ բան ներսից անընդհատ թափանցում է մարդու ուղեղի մեջ և սկսում է քայքայել նրա վերաբերմունքն իր քաղաքի, իր երկրի հանդեպ։
Իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին անընդհատ մտածի անվտանգության մասին։ Ես մի քանի ընտրությունների ժամանակ նախագահ եմ եղել, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել։ Իմ նախագահության տարիներին ինձ ոչ ոք անվտանգության հարցեր չի տվել։ Անկեղծ ասած՝ նման թեմա չկար, որովհետև անվտանգությունը կար։ Մարդիկ վստահ էին, որ հիմնական խնդիրն աշխատատեղն է, կային այլ հարցեր, բազմաթիվ հարցեր, բայց անվտանգության մասին ինձ չէին հարցնում։ Հիմա ում հետ հանդիպում ես, առաջին հարցն է՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ, երկիրն անվտանգ է, թե՞ ոչ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Հայաստանի երկրորդ նախագահի, յուրաքանչյուր ոք, ով որդի ունի, այսպիսի մտահոգություն ունի. «Դե, եթե բանակ գնա, արդյո՞ք կհայտնվի առաջնագծում, չգիտեմ՝ ինչ կլինի»։
«Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես։ Մարդիկ սկսում են մտածել անվտանգության մասին այն ժամանակ, երբ երկրի ղեկավարը դադարում է մտածել անվտանգության մասին։ Շատ պարզ բանաձև է։ Եվ ես սա ասում եմ որպես մի մարդ, ով պատասխանատվություն է կրել երկրի համար, և հիմա ձեզ հետ կիսվում եմ հենց այդ տպավորություններով։ Ի՞նչ պետք է անենք հիմա։ Առաջնահերթություն տալ նրան, ինչը կարևոր է մեր առօրյա կյանքի համար՝ ապրել հանգիստ, ունենալ կանխատեսելի ու կայուն կյանք»,- ընդգծել է նա։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ներկայիս իշխանություններն ամեն օր փորձում են համոզել ժողովրդին, թե երկիրն անվտանգ չէ, որ նրան պատերազմ է սպառնում։
«Ես երկու անգամ նախագահական ընտրությունների եմ մասնակցել։ Մտքովս երբեք չի անցել, որ կարող եմ ասել՝ եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ կսկսվի։ Որովհետև նման հայտարարություններով դուք քանդում եք ձեր իսկ երկիրը, որպեսզի գուցե մի քանի ձայն ավելի ստանաք։ Հիմա ղեկավարի խնդիրը մի քանի ձայն ավելի ստանա՞լն է, թե՞ երկրում կայունություն պահպանելը, մարդկանց հանգստացնելը։ Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը, այս իշխանությունն անում է դա ամեն օր։ Իսկ եթե մարդը մի բան ասում է հարյուր անգամ, ապա ի վերջո՝ հարյուր երրորդ անգամ, դա կարող է իրականություն դառնալ»,- ասել է նա։





